Հս. Կորեայի հարցում ռազմավարական համբերության դարաշրջանն այլևս ավարտված է. ԱՄՆ փոխնախագահ

10:17 • 17.04.17

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, որն այցով գտնվում է Կորեական թերակղզում, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հանդեպ ռազմավարական համբերության դարաշրջանն այլևս ավարտված է:

«Կար ռազմավարական համբերության ժամանակահատված, որն արդեն ավարտված է»,-մեջբերում է The Guardian-ը փոխնախագահի խոսքը:

Փենսը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հարավային Կորեայի հետ «երկաթե դաշինքին» ու «կձգտի խաղաղություն հաստատել ուժի միջոցով»:

Փենսը նշել է, որ Հարավային Կորեայի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար քննարկվում են նպատակին հասնելու բոլոր տարբերակները:

Մինչդեռ gazeta.ru-ն գրում է, որ Հյուսիսային Կորեայում ստեղծվել է զինված ուժերի նոր տեսակ, որը ստացել է «հատուկ տակտիկական զորքեր» անվանումը:

Հարավկորեացի վերլուծաբանների կարծիքով՝ նոր զորատեսակն իր թվաքանակով համեմատելի է ռազմաօդային և ռազմածովային ուժերի հետ:

Նշվում է, որ «հատուկ տակտիկական զորքերի» ստեղծումը, հավանաբար, ուղղված է պատերազմի դեպքում Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հատուկ զորքերին դիմակայելու նպատակով:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրավիճակը խիստ լարված է Կորեական թերակղզում: Փհենյանը շարունակում է  ցուցադրաբար զարգացնել միջուկային ծրագիրը, մինչդեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները սպառնում են համարժեք հարված հասցնել երկրի կողմից ցանկացած սադրանքի դեպքում: