Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը հարցաքննության է կանչել 3 ամսական «ահաբեկչին»

11:18 • 17.04.17

Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել 3 ամսական երեխայի, երբ նրա պապն անկետան լրացնելիս սխալմամբ փոքրիկին «ահաբեկիչ» է անվանել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, 3 ամսական Հարվի Քենյոն Քայրնսը պատրաստվում էր ընտանիքի հետ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք մեկնել, սակայն վիզային կից անկետայի լրացման ժամանակ պապի թույլ տված սխալի պատճառով ուղևորությունը միառժամանակ հետաձգվել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ պապը՝ 62-ամյա Փոլ Քենյոնը, սխալմամբ նշել է, որ երեխան առնչություն ունի  ահաբեկչությանը, լրտեսությանը, սաբոտաժին:

Այս թյուրիմացության պատճառով ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է թոռնիկին այցագիր տրամադրել:

«Չէի կարող հավատալ, որ նրանք չնկատեցին ակնհայտ սխալն ու մտածեցին, թե 3 ամսական փոքրիկը կարող է որևէ մեկին վնաս տալ»,-նշել է բրիտանացին:

The Guardian-ը նշում է, որ դեսպանատան աշխատակիցները փոքրիկին հարցաքննության են կանչել, որի ժամանակ երեխան իրեն շատ խելոք է պահել:

Հայտնի է, որ թղթաբանական քաշքշուկի պատճառով տղամարդը ստիպված է եղել հավելյալ 3.000 ֆունտ ստերլինգ վճարել։