ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու նախաձեռնության իրականացման համար այս պահին որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Արմեն Մանվելյան

22:44 • 18.04.17

ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ծրագրի իրականացման համար խոչընդոտներ այս պահին չկան, բայց չեմ կարող բացառել այդ խոչընդոտների հավանականությունը հետագայում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով ՀՀ–Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու նախաձեռնությանը։

«Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ոչ միայն հայկական, այլ ԵԱՏՄ ծրագիր է, և Հայաստանն ունի իր շահագրգռվածությունը, քանի որ իր սահմանին է լինելու,  հետևաբար ներդրումներն էլ լինելու են Իրան-Հայաստան սահմանագոտում»,- ասաց նա:

Մանվելյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի անունից Իրանի հետ բանակցում է Հայաստանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը շահագրգռված է ծրագրի իրականացմամբ, սակայն, քանի որ խնդիրը ոչ միայն Իրան-Հայաստան հարաբերություններն են, ապա բացառել, որ խնդիրներ կարող են առաջանալ, չի կարելի:

«Այս պահին իրականացման համար ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, սակայն ծանոթ եմ Իրանի հետ բանակցային գործընթացների փորձին և Իրանն ընդհանրապես ծանր բանակցային կողմ է։ Միշտ չէ, որ բանակցությունները դրական են ավարտվում: Հայաստանն այդ առումով բացառիկ երկիր է, որովհետև հիմնականում հայ-իրանական բանակցությունները որքան էլ երկար են տևել, վերջիվերջո, որպես կանոն, ավարտվել են պայմանագրի կնքմամբ»,-ասաց նա:

Արմեն Մանվելյանը բացառիկ համարեց, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է 300 միլիոն դոլարի ներդրում իրականացնել: «Ընդհանրապես, ազատ տնտեսական գոտիների փորձը ցույց է տվել, որ սպասել շատ արագ արդյունավետություն պետք չէ։ Սա ավելի երկարատև և ռազմավարական ծրագիր է, ժամանակի ընթացքում է երևում արդյունքը»,-ասաց նա: