Սարի թաղի դեպքերով կալանավորվածը 14 օր է հացադուլի մեջ է և գտնվում է բուժմասում
2016թ. Սարի թաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած դեպքերով կալանավորված Հրաչյա Բոյաջյանն ապրիլի 5-ից անժամկետ հացադուլ է հայտարարել և շարունակում է այն:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Հրաչյա Բոյաջյանը գտնվում է բուժմասում, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա բժիշկների հսկողության ներքո է»,- հայտնեցին ՔՎ հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Հրաչյա Բոյաջյանի պաշտպան Արայիկ Զալյանը հայտնել էր, որ այդ կերպ իր պաշտպանյալը պահանջում է փոխել իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերից հետո Հրաչյա Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:










