Արքայազներ Ուիլյամն ու Հարին կոչ են արել տղամարդկանց չխուսափել հոգեբաններից
Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին կոչ են արել բրիտանացի տղամարդկանց չարհամարհել և չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները: Այդ մասին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ասել են CALM բարեգործական հանրության ամսագրին տված հարցազրույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Որոշ լուրջ խնդիրների մասին խոսակցությունները չափազանց երկար ժամանակ գտնվել են արգելքի տակ»,- խոստովանել է արքայազն Ուիլյամը: «Համարվել է, որ հաջողակ, ուժեղ մարդիկ չեն տառապում: Բայց, իհարկե, դա այդպես չէ: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է: Եթե դու զգում ես, որ հարկավոր է մեկի հետ խոսել այդ մասին, դա իսկապես կարող է օգնել»,- ասել է նա:
«Բոլորիս կյանքում էլ երբեմն դժվար պահեր են լինում, բայց տղամարդիկ հատկապես անհրաժեշտություն են զգում ձևացնել, թե ամեն ինչ կարգին է»,- ասել է արքայազն Հարին:
Ավելի վաղ արքայազն Հարին խոստովանել էր, որ լուրջ հոգեբանական խնդիրներ է ունեցել մոր՝ արքայադուստր Դիանայի մահից հետո:










