Փարիզում Femen-ի երկու ակտիվիստուհի փորձել է տապալել Մարին Լը Պենի ելույթը (տեսանյութ)

12:51 • 18.04.17

Femen շարժման երկու կիսամերկ ակտիվիստուհի փորձել է ներխուժել Փարիզի համերգային դահլիճի բեմ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի ելույթի ժամանակ, հայտնում է BFMTV-ն:


Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Փարիզի հյուսիս-արևելքում: Ձեռքում ծաղկեփունջ բռնած կիսամերկ կինը, որի մարմնի վրա գրություններ են գրված եղել, ներխուժել է բեմ: «Ազգային ճակատի» անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են նրան: Ավելի ուշ մեկ այլ կին փորձել է կրկնել նախորդի ակցիան, բայց նրան նույնպես հեռացրել են:


Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Լը Պենը հեգնանքով է արձագանքել ֆեմինիստների ակցիային: Նա նշել է, որ Femen-ի գործողությունները վկայում են «արժեքների փոխվելու մասին» և իրեն անվանել է «կանանց պաշտպանող միակ կինը»:


Նշվում է, որ համերգային դահլիճի մոտ ցույց է անցկացվել, որի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: