Զ. Փոստանջյանն իր ասուլիսը սկսեց Արգիշտի թագավորի՝ Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրության ընթերցմամբ

13:25 • 18.04.17

Մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, «Ժառանգություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, «Էրեբունի» թանգարանի դիմաց հանդես գալով բացօթյա ասուլիսով, այն սկսեց Արգիշտի թագավորի՝ Երևանի ծննդյան վկայականը համարվող սեպագիր արձանագրության մեջ նշված խոսքերով։

«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին՝ Մենուայի որդին, ասում է՝ այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը, Բիաինիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է՝ հողն ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծու մեծությամբ։ Արգիշտի՝ Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիաինիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Սեպագիր արձանագրության կարդալու իմաստն այն խորհրդանիշն ուներ, որ, Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պատրաստվում են հիմնահատակ փոփոխություններ կատարել, ոչ միայն բարեփոխումներ, այլ զրոյից՝ նոր քաղաքական համակարգ պետք է ստեղծեն, որը պետք է իրապես ծառայի հայ ժողովրդին:

«Այն, ինչ հիմնադրվել է այս 25 տարիների ընթացքում, չի ծառայել հայ ժողովրդին, և դա ոչ միայն մենք են գտնում, այլև այն ապացուցված է: Դուք տեսաք, երբ մոտենում էինք այս վայրին, թե ինչպիսին է Երևանը, որովհետև այս բլուրից երևում է ողջ Երևանը: Թե ինչ տարածքներ նա ունի, կանաչ է, արդյոք այն այնպես է, ինչպես գծագրել էր Թամանյանը: Իհարկե, այդպես չէ»,-ասաց ու պատասխանեց Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ անցած 25 տարիների ընթացքում Երևանը զրկվել է բուսական ծածկույթից, վերածվել շինությունների քաղաքի:  «Երևանի խնդիրները խնդիրները բազմաշերտ են, բազմատիպ: Բայց, միևնույն ժամանակ, Երևանը քաղաք պետություն է, որը չունի պետական կառավարման մի քանի գործառույթներ: Դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, զինված ուժերին, ոստիկանությանն ու գյուղատնտեսությանը: Մնացած բոլոր հարցերը, խնդիրները ներառված են Երևանի քաղաքապետարանի կառավարման ենթակայության ներքո»,-ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը:

«Երկիր Ծիրանիի» քարոզարշավի մեկնարկը խորհրդանշական կարգով նախատեսվում է սկսել թանգարանից Արգիշտի փողոց ուղղությամբ, որտեղ, Զարուհի Փոստանջյանի մեկնաբանությամբ՝ գտնվում է հայոց հնագույն մայրաքաղաքի կենտրոնակայանի գրասենյակը։

Կարգախոսը Զարուհի Փոստանջյանը կհայտնի ապրիլի 21-ին։ Ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին, ապա նա նշեց, որ իրենց հիմնական թիրախը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։