«Լուսավոր Հայաստանը» դիմելու է ՍԴ՝ ՏԻՄ նոր օրենսգրքում հստակություն մտցնելու համար
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՏԻՄ նոր օրենսգրքում հստակություն մտցնելու համար:
Tert.am-ի հետ զրուցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանու ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը նշեց, որ օրենքում հակասություններ կան, ինչից օգտվելով Վանաձորի քաղաքապետը մի քանի ավագանու նիստ է հրավիրել:
Մի դեպքում օրենքով ասվում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, մյուս դեպքում էլ իրավազոր, եթե նիստին ներկայանում են որոշումներ ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամներ և որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ձայների 1/4-ի չափով:
«Խախտվում է մեծամասնության սկզբունքը, միանշանակ գումարված նիստերն իրավազոր չեն, 9 հոգով նիստ չեն կարող հրավիրել»,- շեշտեց նա:
Քրիստ Մարուքյանն ասաց, որ այս պահին աշխատում են հայցադիմումի վրա, հանդես կգան հայտարարությամբ, հայցադիմումի համար անհարժեշտ է նաև 27 պատգամավորի ստորագրություն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը, սակայն արդեն երեք ավագանու նիստ գումարվել է, ինչն ընդդիմադիրներն իրավազոր չեն համարում:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ՝ օրենքի հղում անելով, պարբերաբար հայտարարում է, որ նիստերն իրավազոր են:










