Թեկնածուները պետք է երաշխիք տան, որ իրենց դիրքորոշումները կեղծ չեն․Մուրադ Փափազյանի խոսքով՝ հայ համայնքը Ֆրանսիայի ընտրություններում թեկնածու չունի

20:17 • 19.04.17

 

Համայնքը դեռ չի կողմնորոշվել` Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից որին է իր ձայնը տալու, ֆրանսահայերից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր անձնական ցանկություններով․ այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Դիտարկմանը, թե Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից որոշները խոսել են հայկական խնդիրների մասին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի և Հայոց ցեղասպանության շուրջ, Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ լրատվամիջոցն է նրանց այդ թեմաներով հարցեր ուղղել, նրանք էլ խոսել են:

«Այսօր կոչ չենք անում՝ որևէ թեկնածուի օգտին հայերը քվեարկեն: Կան թեկնածուներ, որ դրական ձևով են արտահայտվել Հայաստանի և Ղարաբաղի մասին, բայց չկա այն թեկնածուն, ինչպես որ էր Ֆրանսուա Օլանդը, որ կարևորություն է տվել հայկական հարցերին, իր հետ քննարկումներ ենք արել, իր հետ աշխատել: Նույն մակարդակի վրա չեն հիմա այլ թեկնածուների հետ մեր հարաբերությունները»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ թեկնածուները հայ համայնքին ուղղված առաջարկություններով հանդես չեկան, քանի որ նրանք կարծեցին, որ կարող են բավարարվել մամուլին տված իրենք հարցազրույցներով, ինչը, ըստ նրա, սխալ էր:

«Մենք նրանց քաջալերեցինք, որ տարբեր ձևերով իրենց դիրքորոշումը հայտնեն հայկական հարցերի վերաբերյալ՝ մեր, համայնքի առջև, որպեսզի լավ հասկանանք իրենց դիրքորոշման մակարդակը: Բայց նման բան տեղի չունեցավ: Եվ հիմա մենք հստակորեն իրենց մասին ո՛չ բացասական, ոչ էլ դրական կարծիք չունենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նշեց, որ իրենց ցանկությունն ու պահանջը թեկնածուներից այն է, որ նրանք քաղաքական հարաբերություններ ունենան իրենց հետ: «Թեկնածուները պետք է ընդունեն համայնքին, երկխոսություն պետք է տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք դատել՝ նրանց ասածները միայն ընտրակա՞ն կեցվածք են, թե՞ քաղաքական: Այդ առիթը չունեցանք: Դրա համար համայնքը և ոչ մի կազմակերպություն որևէ թեկնածուի օգտին չի աշխատում: Դրա համար ընտրությունների առաջին փուլի համար որևէ մեկին ընտրելու կոչ չենք արել»,- ասաց նա:

Փափազյանի խոսքով՝ համայնքը դեռ սպասում է երկրորդ փուլին: Ապրիլի 24-ին՝ ընտրության հաջորդ օրն արդեն միջոցառում է լինելու, որին ներկա են լինելու Ֆրանսուա Օլանդը և երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները:

«Կդատենք․եթե երկրորդ փուլի առիթով կարելի լինի կոչ անել, կանենք: Հիմա այդ փուլից առաջ ոչինչ չենք անում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում, արդյոք համայնքն իր լծակները չի՞ կորցնի, եթե որևէ թեկնածուի կողմից հանդես չգա, նա պատասխանեց․ «Չենք կորցնի: Նույնը չէ Ֆրանսուա Օլանդի հետ համեմատած:  Բոլորովին տարբեր է, քանի որ Ֆրանսուա Օլանդի հետ երկար պատմություն ունենք: Ժամանակ ենք ունեցել, որպեսզի նա կարողանա փաստել մեզ, որ հայ ժողովրդի և Հայ դատի բարեկամն է: Այս անգամ չկա նման բան: Դեռ երկրորդ փուլ կա, համայնքը պետք է կողմնորոշվի, դեռ ապրիլի 24 կա և հնարավոր է, որ համայնքը կողմնորոշվի: Եթե թեկնածուներն իրենց դիրքորոշումը չհայտնեն, իրենք գիտեն, որ ձայները քիչ չեն, մենք էլ չենք կողմնորոշվի: Պետք է թեկնածուները երաշխիք մեզ տան, որ իրենց դիրքորոշումները կեղծ չեն»,- ասաց նա:

Նշենք, որ ընտրություններին ընդառաջ Ֆրանսիայի նախագահի որոշ թեկնածուներ «Nouvelles d’Armenie»-ի հետ զրույցում խոսել են հայկական հարցերի շուրջ: Մասնավորապես, Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Բենուա Ամոնը նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի խոշորագույն իրադարձություններից մեկն է, տրավմա ամբողջ մարդկության և, իհարկե, մասնավորապես, հայկական ծագմամբ ֆրանսիացիների, հետևաբար՝ Ֆրանսիայի համար:

Ամոնը խոստացել էր նաև, որ նախագահ ընտրվելու դեպքում շարունակելու է մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին, որպեսզի այդ ցեղասպանությունը երբեք չմոռացվի: «Ես նաև հույս ունեմ, որ կկարողանամ մի օր այցելել Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր»,- ասել էր նա:

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Մարին Լը Պենն էլ նույն լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ առաջին մեծ հանցագործությունն է, իսկ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն է եղել երկրի պատմության համար: Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ նախկին ԽՍՀՄ-ի վարչական սահմաններն, իհարկե, շատ արագ են ձևավորվել, և նա կարծում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին:

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցությունից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնն էլ «Nouvelles d'Arménie»–ին տված հարցազրույցում ասել է, որ «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցն առաջացել է Ստալինի պատճառով, որը կամայականորեն կտրել է այն Հայաստանից ու հանձնել Ադրբեջանին 1921-ին։ Հիմա այլընտրանք չկա, պետք է խաղաղ ու կայուն կարգավորում գտնել՝ ՄԱԿ-ի օգնությամբ:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլի 23-ին: