Արսեն Խոջոյանը դատարանում ներողություն է խնդրել տուժող կողմից և դատապարտվել 9 տարի ազատազրկման

14:24 • 19.04.17

Տավուշի մարզի Բերդի նստավայրի դատարանն անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանը:

«Դատարանում պաշտպանի ճառից հետո Արսեն Խոջոյանն ասաց, որ ընդունում է մեղքը և ներողություն խնդրեց տուժող կողմից: Ինչ վերաբերում է պատժաչափին, ապա նա ավելին էր ակնկալում»,- ասաց պաշտպանը:

Հարցին, թե վերաքննիչ բողոք ներկայացվելու է, Մեժլումյանն ասաց, որ այս դատավճռի հրապարակումից հետո Արսեն Խոջոյանը նման ցանկություն չի հայտնել։

«Բողոքարկման համար նախատեսված ժամկետում գուցե Արսեն Խոջոյանը մտափոխվի, սակայն այս պահի դրությամբ նա վերաքննիչ բողոք ներկայացնելու ցանկություն չունի»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկ Հանիսյանին, ով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր:

Արսեն Խոջոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Նշենք նաև, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին և հայրենիք էր վերադարձվել նույն թվականի ապրիլի 10-ին: