Ռուսաստանում Կենտրոնական Ասիայից ահաբեկչություններ պատրաստող երկու անձ է սպանվել

15:21 • 19.04.17

ՌԴ Վլադիմիրի մարզում Կենտրոնական Ասիայից երկու անձ է սպանվել, նրանք ահաբեկչություններ էին նախապատրաստում երկրի տարածքում, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնին:


Հաղորդվում է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալության փորձի ժամանակ տեղի ունեցած բախման հետևանքով չեզոքացրել են զինված դիմադրություն ցույց տվող Միջին Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացու՝ 1991 և 1987 թվականներին ծնված:


Նշվում է, որ այդ անձինք կապված են եղել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ, հետաքրքրություն են դրսևորել ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման տեխնոլոգիայի նկատմամբ և պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնել:


Ինչպես հայտնել են Անվտանգության դաշնային ծառայությունից, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վայրում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի պատրաստման համար բաղադրիչներ, ԱԿ-74 ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ, զինամթերք: