Սև ծովում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը

10:01 • 19.04.17

Սև ծովում խորտակվել է «Արսենալի հերոսները» նավը, որն ընթանում էր Պանամայի դրոշով: Այդ մասին հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի Հանրապետության հարցերով գլխավոր վարչությունը, գրում է gazeta.ru-ն:


Տեղեկատվության համաձայն՝ նավում եղել է անձնակազմի 12 անդամ՝ երկու ռուս, ինը ուկրաինացի և Վրաստանի մեկ քաղաքացի: Հացահատիկով բեռնված նավը Ռոստովի շրջանից ուղևորվում էր Թուրքիա:


Փրկարարական գործողության իրականացման վայր է անմիջապես ուղարկվել այդ շրջանում գտնվող մի քանի նավ: Որոնողական գործողությանը միացել է նաև «Դեմիդով» փրկարարական քարշակ նավը:


Նշվում է, որ որոնողական աշխատանքները բարդացնում են եղանակային պայմանները՝ 20 մ/վրկ արագությամբ հարավ-արևմտյան քամին և մինչև չորս բալ հասնող ծովի ալեկոծությունը:


Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ղրիմի արտակարգ ծառայություններում աղբյուրը, հինգ հոգու հաջողվել է փրկել, կորել է անձնակազմի յոթ անդամ:


«Հինգ մարդ փրկվել է, յոթին փնտրում են»,- հայտարարել է նա: