Ճապոնիայում գողը գողացել է ոսկու կեղծ ձուլակտորներ՝ չդիպչելով իսկական արծաթին

11:22 • 19.04.17

Ճապոնիայի Սադո քաղաքի թանգարաններից մեկից գողը գողացել է ոսկու ձուլակտորների պատճենները՝ չդիպչելով նույն ցուցափեղկում ցուցադրված իսկական 30 կիլոգրամանոց արծաթի ձուլակտորներին: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Գողությունը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է կոտրված պատուհան, որի միջով հանցագործը մտել է թանգարան: Նա կոտրել է ցուցափեղկը, որտեղ ցուցադրվում էին ոսկու ձուլակտորի հինգ պատճեն, ինչպես նաև երեք իսկական 30 կիլոգրամանոց արծաթի ձուլակտոր և խոշոր ոսկու հանքաքարի մոնոլիտ: Իսկական արծաթը և հանքաքարը գողի մոտ հետաքրքրություն չեն առաջացրել:


Ըստ ոստիկանության՝ հանցագործը կարծել է, թե ցուցափեղկում իսկական ոսկի է ցուցադրված, և որոշել է 90 կիլոգրամ արծաթի տեսքով «մանրուքների» վրա ժամանակ չկորցնել:


Անցկացվում է հետաքննություն: