Թաիլանդում ոչ սթափ վիճակում մեքենա վարողներին աշխատելու են ուղարկել դիահերձարաններ

15:31 • 19.04.17

Թաիլանդի իշխանությունները փորձի շրջանակում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար բերման ենթարկված 20 վարորդի ուղղիչ աշխատանքների են ուղարկել հիվանդանոցային դիահերձարաններ:

Ինչպես նշում է ria.ru-ն, Թաիլանդում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար վարորդներն ուղարկվում են 15-օրյա հասարակական ուղղիչ աշխատանքների:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում ավանդական բուդդիստական Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 390 մարդ. դեպքերի կեսից ավելին տեղի է ունեցել վարորդների ոչ սթափ լինելու պատճառով:

Վիճակագրական տխուր տվյալները Թաիլանդի իշխանություններին ստիպել են բերման ենթարկված վարորդներին որպես հավաքարար աշխատելու ուղարկել այն դիահերձարանները, որտեղ բերվում են ՃՏՊ-ների զոհերը:

«Աշխատանքի առաջին իսկ օրը ես այնքան բան տեսա, որ այլևս երբեք հարբած վիճակում մեքենայի ղեկին չեմ նստի: Ամենաահավորը հարբած վարորդների մեղքով մահացածների հարազատների դժբախտությունը տեսնելն է: Սարսափում եմ՝ մտածելով, որ ես ինքս կարող էի նման ցավ պատճառել ուրիշներին»,-նշել է ուղղիչ աշխատանքների ուղարկվածներից մեկը: