Ոստիկանությունը որոնում է Գյումրու ռուսական ռազմաբազայից գնումների դուրս եկած ու անհետացած ռուս զինծառայողին
Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից և չի վերադարձել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոշմանովը զորամասից դուրս է եկել գնումներ կատարելու նպատակով:
Ria.ru տեղեկություններով՝ Դմիտրի Լոշմանովը պայմանագրային զինծառայող է և ապրել է ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ հանրակացարանում. զինծառայողն ապրիլի 18-ին ներկայացել է ծառայության։
Դ. Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, /0312/ 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով», - հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Tert.am-ը երեկ կապ էր հաստատել Շիրակի ոստիկանության մարզային վարչության հետ, որտեղից փոխանցել էին, որ102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայրից ու չի վերադարձել:
«Դուրս է եկել առևտուր անելու, բայց կոնկրետ չգիտեն, Երևան է գնացել առևտուր անելու, Կիրովական է գնացել, թե Գյումրի։ Համենայն դեպս՝ գնացել է առևտուր անելու, բայց մինչև հիմա չի վերադարձել»,- հայտնել էին Գյումրու ոստիկանությունից՝ հավելելով, որ ռազմաբազայի հրամանատարությունը որոնողական աշխատանքներ է տանում:










