Մալաթիայում կրակոցներ արձակած անձի ինքնությունը հայտնի է. նա կրակել է որսորդական հրացանից

13:11 • 19.04.17

 

Tert.am-ի տեղեկություններով ապրիլի 17-ին Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է, նա «Որսորդների և հրաձիգների» միության անդամ է:

Tert.am-ի՝ անձի ինքնությունը հայտնի լինելու մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:

«Ավելի վաղ հաղորդվել էր ապրիլի 17-ին Օհանովի փողոցում կրակոցներ հնչեցնելու մասին: Նշված դեպքով ոստիկանության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 18-ին կեսօրին բաժին է ներկայացել 1987-ին ծնված Ա.Ա.-ն և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացան՝ առանց փամփուշտների»,- ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ Ա.Ա.-ն հայտարարել է, որ ապրիլի 17-ին ժամը 20-ին ինքն է Օհանովի փողոցի թիվ 16, թիվ 14 և թիվ 12 շենքերի մոտ նշված հրացանից արձակել հինգ կրակոց:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված հրացանն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, կատարվում է քննություն: