Կալիֆորնիայի նահանգային սենատում Ցեղասպանության ճանաչման կոչով բանաձև է ընդունվել

13:31 • 19.04.17

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատն օրերս ընդունել է բանաձև, որով ապրիլը հռչակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման, Միացյալ Նահանգների կառավարությանն ուղղված՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջի ամիս:

Ինչպես նշում է Asbarez-ը, բացի այդ, փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում հայկական կողմին վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գույքը:

Սենատոր Էնթոնի Պորտանտինոն ևս մեկ անգամ կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու անհրաժեշտությունը՝ իր ելույթում մի քանի հայալեզու մեջբերում անելով Վիլյամ Սարոյանի գրածներից:

«Լիահույս եմ, որ Կալիֆորնիայի բարձր ու հստակ ձայնը Վաշինգտոնին և նախագահին վերջնական վստահություն կտա ճիշտ քայլ կատարելու համար և թույլ կտա մարդկանց վերջիվերջո ապաքինվել 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափից»,-նշել է սենատորը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ի լրումն բանաձևի ընդունման՝ Սենատում ցուցադրվել է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը: