ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Հս. Կորեային խորհուրդ է տվել «կռիվ չսկսել»

10:27 • 19.04.17

Միացյալ Նահանգները ցանկություն չունի պատերազմելու Հյուսիսային Կորեայի հետ, ուստի՝ Փհենյանը պետք է վերջ տա Վաշինգտոնի դեմ ուղղված սադրանքներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ մեկնաբանելով հյուսիսկորեական կողմի ջերմամիջուկային պատերազմի մասին նախազգուշացումը:

«Ես միայն մի ուղերձ ունեմ Հյուսիսային Կորեայի համար. Միացյալ Նահանգները կռիվ ման չի գալիս, ուստի՝ մի՛ փորձեք այն սկսել: Հյուսիսային Կորեան պետք է հասկանա, որ չպետք է մեզ առիթ տա, այդ դեպքում մենք պատերազմելու պատճառ չենք ունենա»»,-մեջբերում է tass.ru-ն Հեյլիի խոսքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:

Պաշտոնյան նկատել է, որ Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններն ագրեսիվ բնույթ են կրում և որ Փհենյանը պատրաստ է արձագանքել «ԱՄՆ-ի այդքան տենչած պատերազմին»:

Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է  ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Հս. Կորեային խորհուրդ է տվել «կռիվ չսկսել»