Ալբանիայում չեն կարողացել նախագահ ընտրել՝ թեկնածուների բացակայության պատճառով

10:01 • 20.04.17

Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել, քանի որ վարչապետ Էդի Ռամայի գլխավորած իշխող կուսակցությունը որոշել է թեկնածու չառաջադրել քվեարկության առաջին փուլում, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:


«Մենք թեկնածու չենք առաջադրել՝ ցանկանալով ցույց տալ ընդդիմության հետ նոր նախագահի ընտրման հարցի շուրջ երկխոսություն վարելու մեր ցանկությունը, որպեսզի հասնենք փոխհամաձայնության Ալբանիայի բոլոր քաղաքական ուժերի հետ»,- հայտարարել է խորհրդարանի նախագահ Իլիր Մետան:


Ինչպես նշում է գործակալությունը, նախագահի թեկնածուների առկայության դեպքում նրանցից մեկի հաղթանակի համար անհրաժեշտ է 140 պատգամավորից առնվազն 84-ի աջակցությունը: Եթե հինգ փուլից հետո պետության ղեկավարն այդպես էլ չի ընտրվում, գործող խորհրդարանը ցրվում է:


Ալբանիայի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանը փետրվարի կեսից՝ պահանջելով հրավիրել անցումային կառավարություն՝ ազատ և արդար ընտրությունների նախապատրաստման համար: