Ավստրալիան քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է սահմանել

13:00 • 20.04.17

Ավստրալիան խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ բարդացնելով երկրի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Այժմ թեկնածուները կհանձնեն անգլերենի և «ավստրալական արժեքների» իմացության լուրջ թեստեր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Նոր կանոնների սահմանման մասին հայտարարել է երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը:


Քաղաքացիության համար դիմողները նաև պարտավոր կլինեն ներկայացնել երկրում չորս տարի մշտապես բնակվելու ապացույցներ: Նախկինում այդ ժամկետը մեկ տարի էր:


Այս որոշումից երկու օր առաջ Ավստրալիան հայտարարել էր օտարերկրացիներին աշխատանքային վիզայի տրամադրման կանոնները խստացնելու մտադրության մասին:


Թերնբուլը նշել է, որ նորամուծությունները պետք է բերեն ավստրալական հասարակությունում ներգաղթյալների ավելի լավ ինտեգրման: Բացատրելով, թե ինչ են «ավստրալական արժեքները», վարչապետը հիշեցրել է գենդերային հավասարության և կրոնի ազատության մասին:


«Կանանց և երեխաների նկատմամբ հարգանքը հիմնական արժեքն է Ավստրալիայում»,- ընդգծել է Թերնբուլը՝ հավելելով, որ ընտանեկան բռնությունն անընդունելի է: