«Ես եմ» ծրագրի նպատակը. ի՞նչ դերակատարում կարող է այն ունենալ. կարծիքներ
Բանակում մարդկային ռեսուրսի խնդիր չկա, դա բարեփոխում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով պաշտպանության նախարարության ներկայացրած «Ես եմ» ծրագրի նպատակների մասին:
«Դա մարդուն ընտրելու հնարավորություն տալ է, դա ազատ իրավունք է: Մարդն իրավունք է ունենում ոչ թե գնալ պարտադիր ծառայել, այլ ընտրովի՝ այլ տարբերակով և դրա դիմաց կստանա գումար, կոչում, կրթվելու հնարավորություն և այլն: Ամիսը մեկ տանը լինի, դա նույնպես շատ կարևոր բան է»,- նշեց Հովհաննիսյանը:
Այսօր կայացած «Ազգ-բանակ-2017» համաժողովին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինվորական ծառայության նոր տեսակ է ներկայացրել՝ ժամկետային-պայմանագրային, որը կոչվում է «Ես եմ»։ Ըստ այդ ծրագրի՝ նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի:
Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Ես եմ» ծրագրի գաղափարը ժողովրդագրական առումով դրական է գնահատում։ Նա կարծում է, որ այդ ծրագրով ծառայած զինվորներին տրվող գումարը կարող է խթանել վաղ ամուսնությունները։
«Մեկ է՝ զինվորները ծառայեն կամ չծառայեն, չեն ամուսնանալու այդ տարիքում և այդ տարիքում երեխա չեն ունենալու: Մեր մոտ ամուսնության տարիքն անընդհատ աճում է, բայց, միգուցե, այդ 5 մլնը կարող է ինչ-որ չափով դրական դերակատարում ունենալ, մարդկանց կարող է խթանել, որ շուտ ամուսնանան»,- նշեց ժողովրդագիրը:
Այդուհանդերձ, ըստ նրա՝ դա բանակի շարքերը ավելացնելու լավագույն ձևը չէ։ «Այդ առումով ծրագիրը էական դերակատարում չի ունենա: Եթե ուզում են ավելի շատ մարդ լինի, շատ ավելի նորմալ ճանապարհներ, մեթոդներ կան: Դրա համար պետք է փորձել անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: Մենք հիմա տասնյակ հազարավոր անգործ մարդիկ ունենք, որոնք չգիտեն ինչ անել: Եթե նորմալ աշխատավարձ լինի նրանց մի մասը կգնա, կծառայի»,- նշեց Եգանյանը:










