Կարո Եղնուկյանը մեղավոր կճանաչվի, թե ոչ, դա ոչ ոքի վրա չի ազդի. պաշտպանը պահանջում է առանձնացնել գործը

20:31 • 20.04.17

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը  դիմել է դատարան, որ քննիչին պարտադրի իր գործն առանձնացնել ոստիկանական գունդը գրաված զինված խմբի գործից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո  Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Անտրամաբանական է, թե ինչո՞ւ չեն առանձնացրել Կարո Եղնուկյանի գործը: Գնդի գրավման 69 հատոր գործի նյութեր կան՝ մոտ 4000 թերթ : Այդքանից Կարո Եղնուկյանին վերաբերում է ընդամենը 40 թերթ: Այսինքն, եթե Կարո Եղնուկյանի մեղադրանքը նայենք, փաստորեն նրան մեղադրում են  հինգ արարքների մեջ , որոնք կատարվել են հեռախոսային խոսակցությունների միջոցով: Այդկերպ նա հեռախոսով շփում է ունեցել  մի դեպքում Վարուժան Ավետիսյանի, մյուս դեպքում՝ Արամ Հակոբյանի հետ: Մյուս դրվագներով խոսել է մարդկանց հետ, ովքեր առնչություն չունեն ՊՊԾ գնդի գրավման հետ, այդ թվում նաև իր կնոջ»:

Փաստաբանի խոսքով՝40 ապստամբներից քննիչն առանձնացրել է 12 հոգու և ըստ քննիչի՝ մնացած 28 հոգու կապն այդքան չի եղել ՊՊԾ գնդի գրավման հետ, որքան Կարո Եղնուկյանինը:

«Բացի այդ, անկախ նրանից, Եղնուկյանը մեղավոր կճանաչվի , թե  կարդարացնեն, նրա դատավճիռը ոչ մեկի վրա չի ազդելու, այսինքն` այդ գործը կարող է առանձնացնել: Ի դեպ, դատավարությունը, նկատի ունենալով գործի ծավալը,  5-6 տարի է տևելու, իսկ Եղնուկյանի դատավարությունը կարող է մի քանի օրում ավարտվել»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի մայիսի 3-ին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 20-ին և մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Հուլիսի 22-ին Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ և 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: