Հարկավոր է շարունակել աշխատել Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոն

14:46 • 20.04.17

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցությունը ներկայացնող նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը: Այդ մասին Մակրոնը հայտարարել է՝ պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին:


«Ապրիլի 24-ն ամուր խորհրդանիշ է. այն հիշատակում է Կոնստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ մտավորականների սպանությունը և առաջին ցեղասպանության սկիզբը: Սա կարևոր պահ է հիշելու պարտավորության և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամության համար: Ես մտադիր եմ շարունակել հիշատակման այդ ավանդույթը՝ մասնակցելով ոգեկոչման արարողություններին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նա աջակցում է նաև Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում ներառելու գաղափարին:


Մակրոնը հավելել է, որ հիանում է Ֆրանսիայի հայկական համայնքով, որը համատեղել է հանրապետությանն ինտեգրումը և իր հայրենի մշակույթին խորը կապվածությունը:


«Ես աջակցում եմ նրանց պայքարին: Ցեղասպանության ճանաչումը հնարավոր է դարձել, որովհետև մի սերունդ նվիրվել է այդ գործին: Այն պարզապես չեն հիշել, այլ պահանջել են, ինչն էլ իր արդյունքը տվեց»,- նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ հիշեցնելով նաև 2016 թվականի Գերմանիայի խորհրդարանում «պատմական քվեարկությունը»:


Նա նշել է, որ Ֆրանսիայում չի հաջողվել հասնել ցեղասպանության մերժման քրեականացմանը, իսկ Սահմանադրական խորհրդի որոշումը շատ թյուրիմացությունների պատճառ է դարձել:  «Ես համոզված եմ, որ հարկավոր է շարունակել աշխատել այս ուղղությամբ: Իրավունքը և հիշողությունը չեն կարող անհամատեղելի լինել»,- ասել է Մակրոնը:


«Ֆրանսիան և Հայաստանը մեծ բարեկամներ են, և ես ցանկանում եմ ամրապնդել այդ բարեկամությունը: Բնականաբար՝ շնորհիվ հայկական համայնքի, բայց նաև շարունակելու համար ավանդույթը, որի արմատները գնում են մինչև 19-րդ դարի վերջ, երբ ֆրանսիական մամուլն արդեն դիրքորոշում էր ցույց տալիս՝ դատապարտելով կոտորածները:  Այդ աջակցությունը շարունակվեց Կիլիկիայի հայերի փրկության համար գործողություններով՝ 1909 թվականին և 1915 թվականին, այնուհետև 1918 թվականին Ֆրանսիայի կողմից հայկական առաջին հանրապետության ճանաչմամբ»,- ասել է նա:


Մակրոնը հիշեցրել է նաև, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է և որ այդ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում: «Դա հիանալի իրադարձություն կլինի մեր երկու երկրների համար»,- ասել է նա: