ԿՀՎ-ի շարքերում WikiLeaks-ին տեղեկություններ հայտնողների «որս» է սկսվել

10:30 • 20.04.17

Ամերիկյան հետախուզությունը սկսել է Կենտրոնական հետախուզական վարչության շարքերում որոնել Wikileaks սկանդալային կայքին տեղեկություններ հայտնողներին: Այդ մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը:

    
Վկայակոչելով իրավիճակին ծանոթ սեփական աղբյուրներին՝ հեռուստաալիքը տեղեկացրել է, որ «ԿՀՎ-ի ներսում դավաճանի որս է ընթանում»: Հեռուստաալիքի տվյալներով՝ «ԿՀՎ-ն և Հետաքննությունների դաշնային բյուրոն համատեղ հետաքննություն են իրականացնում ԿՀՎ-ի գաղտնի տեղեկությունների ամենախոշոր արտահոսքերից մեկի առնչությամբ, որն անդրադարձել է հազարավոր խիստ գաղտնի փաստաթղթերի, որոնցում խոսք է գնում գործիքների և սարքերի մասին, որոնց օգնությամբ հատուկ ծառայությունները մուտք են գործել սմարթֆոններ, հեռուստացույցներ և համակարգչային համակարգեր»:


Նշվում է, որ «որսի օբյեկտը կա՛մ աշխատակից է, կա՛մ ԿՀՎ-ի հետ պայմանագրային աշխատող, որն ունեցել է նյութերին ֆիզիկական հասանելիություն»: Ընդ որում՝ հետախուզական վարչությունում չեն բացահայտում, թե երբ և ինչպես է գողացվել գաղտնի տեղեկատվությունը:


Նշվում է, որ փաստաթղթերի մեծ մասը պահվել է ԿՀՎ-ի խիստ գաղտնի բաժնում, սակայն դրանց հասանելիություն է ունեցել հարյուրավոր մարդ:


«Քննիչներն ուսումնասիրում են անունների ցանկը»,- ասված է հաղորդագրությունում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Wikileaks կայքը հրապարակել է ԿՀՎ փաստաթղթերի առաջին մասը մարտի 7-ին: Հաղորդվում էր, որ այդ հրապարակումը կդառնա հետախուզական գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքը: Այն ներառում է ավելի քան 8,7 հազար փաստաթուղթ և ֆայլ: