Սլովակիայում ձնաբքի հետևանքով զանգվածային ՃՏՊ է տեղի ունեցել. կա 24 տուժած (լուսանկարներ)
Սլովակիայում ուժեղ ձնաբքի ժամանակ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 24 մարդ: Այս մասին հայտնում է Aktuality-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 6:00-ին` երկրի հյուսիս-արևելյան մասում գտնվող Պոպրադ քաղաքի մոտակայքում: Վթարի ժամանակ բախվել է 40 ավտոմեքենա:
Նշում է, որ վնասված ավտոմեքենաներն ամբողջությամբ արգելափակել են ճանապարհը, որը մայրաքաղաք Բրատիսլավան միացնում է երկրի արևելյան մասի հետ։
Հայտնի է, որ վթարի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երկու, միջին ծանրության վնասվածքներ` վեց, իսկ թեթև վնասվածքներ` 16 մարդ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Սլովակիայի որոշ մասերում գրանցվել է տարվա այս եղանակի համար արտասովոր ցուրտ եղանակ. վերջին օրերի ընթացքում տեղացել է 50 սմ ձյուն: Որոշ շրջաններում տեղական իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:





















