Ավստրալիայում օձը «երթևեկել» է ուղևորատար գնացքով (լուսանկարներ)

13:42 • 20.04.17

Ավստրալական Կիամա քաղաքից Սիդնեյ ուղևորվող գնացքում օձ է հայտնաբերվել. սողունին նկատել են նստատեղերի վերևում գտնվող ուղեբեռի դարակների վրա: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` օձին հայտնաբերելուց հետո գնացքը չի կանգնեցվել, սակայն ուղևորները տեղափոխվել են այլ տեղեր: Վագոնը կողպվել է, երբ այնտեղ մարդ չի մնացել:

Նշվում է, որ Սիդնեյի կայարան ժամանելուց հետո մասնագետը զննել է վագոնը և բռնել օձին, որը, պարզվել է, Antaresia childreni տեսակի է եղել: Մասնագետի խոսքով` այդ տեսակի սողունները թունավոր և վտանգավոր չեն մարդու համար, իսկ նրանց երկարությունը հասնում է մինչև մեկ մետր:

Հայտնի է, որ Ավստրալիայում օձերի մոտ 170 տեսակ է բնակվում, այդ թվում` համարյա 20 տեսակի պիթոն: