«Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը. Վաղարշակ Հարությունյան
«Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի բացման նիստից հետո աշխատանքները շարունակվեցին «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմայով, որի հիմնական զեկուցողներից մեկը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էր:
Նա նշեց, որ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքների դեպքում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է: Նա նկատեց, որ այս տարածաշրջանում հակամարտության մասնակցում են բոլոր գերտերությունները և այստեղ է գտնվում երկրագնդի այն զգայուն մասը, որտեղից կարող են սկսվել փոփոխությունները:
««Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ այն ապահովում է ամբողջ պետությունը բոլոր ոլորտներում»,-ասաց նա և նշեց, որ եթե չլինի զարգացած տնտեսություն, մենք չենք կարող բանակի մարտական հզորությունը ապահովել, ժամանակակից զինտեխնիկա ունենալ:
Ըստ նրա՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը: «Մենք պետք է բարձրացնենք սպայի դերը, որ սպան դառնա լավագույն մասնագիտությունը, թեև այն մասնագիտոթյուն չէ, այլ կարգավիճակ է, որ սպան հասարակության կողմից լինի ընդունված հարգված և զբաղեցնի իր համապատասխան տեղը: Մենք հերոսների շարք ունենք, բայց չունենք սպա, որ հերոս է»,-ասաց նա:
«Պատիվ ունեմ» ծրագիրն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն: Գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ և պետական հավատարմագրում ունեցող բուհում սովորող յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմել այդ ծրագրին։
Այս ծրագիրը քաղաքացիական բուհում սովորող երիտասարդներին հնարավորություն է տալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելել զինվորական պատրաստության դասընթացի, և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանալ լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում:
Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` առաջնագծի զորամասերում։ Այս ծրագրով ծառայող քաղաքացիները նաև ստանալու են ամսական առնվազն 260.000 դրամ աշխատավարձ, իսկ ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով:










