Վենեսուելայում բողոքի ակցիայի ընթացքում 3 մարդ է մահացել (լուսանկարներ)
Չորեքշաբթի Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ 3 մարդ է մահացել, հայտնում է Reuters գործակալությունը: Այսպիսով՝ այս ամիս Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է ութի:
Մեկ զինվորական է զոհվել Վենեսուելայում Միրանդա նահանգում հակակառավարական ցույցերի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության նախագահի տեղակալ Դյոսդադո Կաբելյոն:
Նա չի մանրամասնել զինծառայողի մահվան հանգամանքները, բայց նրա մահվան համար մեղադրել է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին և նրա աջակիցներին:
Մյուս զոհերը գրանցվել են Կարակասում և Տաչիրա նահանգում:
Առնվազն 42 մարդ է վիրավորվել ապրիլի 19-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հակակառավարական ցույցերի ժամանակ, երկրի ամբողջ տարածքում ավելի քան 400 մարդ ձերբակալվել է։ Ընդդիմությունը հայտարարել է հինգշաբթի նոր ցույցեր անցկացնելու մտադրության մասին:
Վենեսուելայում ճգնաժամը խորացել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցությունն ամբողջովին բացակայում է:
Անցած ամսվա վերջին Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ ստանձնում է երկրի օրենսդիր իշխանության լիազորությունները՝ Ազգային ասամբլեայի փոխարեն:
«Քանի դեռ շարունակվելու է անհարգալից վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ և Ազգային ասամբլեայի կողմից անվավեր որոշումների կայացումը, դատական մարմինը երաշխավորում է, որ անմիջականորեն կկատարի խորհրդարանական պարտականությունները` իրավարար պետության պահպանման համար»,- ասված էր Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Գերագույն դատարանը, հետևելով Վենեսուելայի անվտանգության խորհրդի կոչին, չեղարկել է խորհրդարանի լիազորություններն ստանձնելու մասին որոշումը:
Բացի այդ, ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսին արգելվել է հավակնել ընտրովի պաշտոնի 15 տարվա ընթացքում:










