Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց կալանքի վերանայման բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ ներկայացված բողոքը. Բաբայանը կմնա կալանքի տակ։
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն այս մասին քիչ առաջ է հայտնել դատարանի առջև հավաքված անձանց, ովքեր սպասում էին դատարանի որոշմանը:
Սամվել Բաբայանը դատարանի որոշման հրապարկմանը ներկա չի եղել:
«Կարծում եմ՝իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական։ Խափանման միջոցը չփոխելու համար ստույգ հիմնավորում չկա»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանավորվել է Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում:
Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ դռնփակ նիստում քննել է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերանայման հայցը։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր.
«Դատական նիստին ներկա էր նաև Սամվել Բաբայանը: Նա գտնում է, որ իր կալանավորումն անհիմն է և խնդրեց, որպեսզի խափանման միջոց կալանավորումը վերացվի: Դատախազն ու քննիչն առարկեցին ընդամենը և ասացին, որ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է ու հիմնավոր»:










