Սահմանադրական դատարանը վերադարձրել է ՀԿ-ների՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը  

17:06 • 21.04.17

«Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի դիմումի հետ Սահմանադրական դատարան մուտք արված  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող հասարակական կազմակերպությունների և մի շարք քաղաքացիների անունից տրված դիմումը՝   ՍԴ աշխատակազմի որոշմամբ վերադարձվել է: Գրեթե նույն պահանջով՝ անվավեր ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները « Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննվի ՍԴ-ի առաջիկա նիստում՝ ապրիլի 25-ին:

Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը, ով ներկայացրել է դիմումը:


«Սահմանադրական դատարանը հասարակական կազմակերպությունների դիմումը վերադարձրել է՝ համարելով, որ այդ սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ նման հայցով դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ: Տարբերությունն այն է, որ նման հայցով հետագայում Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն ունենք»,- ասաց Եգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ են տրվել այդ առումով, և քաղաքացիներին ևս նման հայցով ՍԴ դիմելու իրավունք է տրվել:

«Մենք հիմա այդ որոշումը բողոքարկել ենք ՍԴ նախագահին՝ խնդրելով այս հարցը քննության հանձնել դատական կազմին: Մենք կարծում ենք, որ այն քաղաքացիները, որոնք չունեն կուսակցական շահեր, ևս պետք է ունենան բողոքարկման իրավունք: Այս հարցը պետք է լուծի ՍԴ-ն»:

Ինչ վերաբերում է«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ներկայացված դիմումին՝ փաստաբանն ասաց, որ ընդգրկված են այն փաստերը, որոնք հավաքագրվել են դիտորդների, դիտորդական կազմակերպությունների, լրատվամիջոցների կողմից:

Հիշեցնենք, որ «Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը ապրիլի 14-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները պահանջով:

Նշենք, որ ապրիլի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։