Այն հաջողությունը, որ «Խոստում»-ն արձանագրում է, կասկած չի թողնում, որ ֆիլմի դեմ թուրքերի արշավները ամբողջովին ֆիասկո են ապրել. Տիգրան Բալայան

20:27 • 21.04.17

Մշտապես, ամեն տարի Թուրքիան փորձում է խանգարել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպվող ինչպես դեսպանատների, այնպես էլ ներհամայնքային միջոցառումները, բայց դրանք սովորաբար անհաջողության են մատնվում: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մեր կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներն անցկացվելու են նախատեսված ժամկետներում և նախանշված վայրերում,- ասաց նա՝ նշելով, որ ինքը չի ցանկանում խոսել այս տարի Թուրքիայի կողմից եղած հակազդեցությունների և դրանց դեմ ձեռնարկված հայկական կողմի քայլերի մասին,- չեմ կարծում, որ ճիշտ է այդ մասին բարձրաձայնելը․ աշխատանքային գործընթաց է»:

Տիգրան Բալայանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս տարվա կարևորագույն նախաձեռնություններից՝ «Խոստում»  ֆիլմի ցուցադրությանը և դրա դեմ թուրքական կողմի քայլերին:

«Ամբողջ աշխարհով հիմա ընթանում են «Խոստում» ֆիլմի գովազդային արշավները, փակ դիտումներ են եղել Միացյալ Նահանգներում և Կանադայում: Այն հաջողությունը, որ «Խոստում» ֆիլմն արձանագրում է,  կարծում եմ, որևիցե կասկած չի թողնում, որ այն բոլոր արշավները, որ դրա դեմ թուրքերը նախաձեռնել էին տարբեր հարթակներում, դեռ անգամ մինչև ֆիլմի էկրան բարձրանալը, ամբողջովին ֆիասկո են ապրել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Խոստումի» գովազդային արշավում ընդգրկված են նաև տարբեր երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունները և համայնքային կառույցները: