Ես ցանկանում եմ մնալ պաշտպանության նախարար, կարծում եմ՝ կուսակցությունն ինձ հնարավորություն կտա. Վիգեն Սարգսյան
Ես ցանկանում եմ մնալ պաշտպանության նախարար, և կարծում եմ` սա այն տեղն է, որտեղ կարող եմ օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո որտեղ է պատրաստվում շարունակել իր աշխատանքը:
«Կարծում եմ, որ իմ կուսակցությունն ինձ հնարավորություն կտա շարունակել աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում», - ասաց Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չէր բացառել խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաջողության դեպքում իր՝ պաշտոնի անցնելը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.
«Իմ նախարարական կարգավիճակը չի ենթադրում մեկնաբանել այն, ինչ կմեկնաբանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը և Հանրապետության նախագահը, երբ որ հարմար գտնի դրա մասին խոսելու: Եթե լիներ որոշում, որ ենթակա է հանրայնացման, մենք հաստատ ձևը կգտնեինք դրա մասին ասելու»,- նշեց նա:










