Իտալուհին մոր դին տարիներ շարունակ պահել է տանը՝ նրա թոշակը ստանալու համար
Իտալական Պեշիա քաղաքի 51-ամյա բնակչուհին տարիներ շարունակ թաքցրել է մոր դին, որպեսզի ամեն ամիս ստանա նրա թոշակը:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, խաբեության մասին հայտնի է դարձել, երբ ոստիկանությունը հարևաններից բողոքներ է ստացել կնոջ բնակարանից եկող տարօրինակ հոտի վերաբերյալ:
Իրավապահները, գալով իտալուհու տուն, կարճ ժամանակում հայտնաբերել են 90-ամյա կնոջ դին, որը փտած է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ դին փաթաթված է եղել ծածկոցով ու դրված աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակների մեջ: Վերջում կինը մոր դին ամրացրել է կպչուն ժապավենով ու պահել խորդանոցի մի անկյունում:
Կինն իրավապահներին խոստովանել է, որ մոր դին թաքցրել է նրա թոշակից չզրկվելու համար: Այժմ իտալուհին կկանգնի դատարանի առաջ:










