Հայաստանում ռուս օդաչուների գիշերային զորավարժություններ են անցկացվել
ՌԴ Հարավային ռազմական շրջանի օդաչուները Հայաստանի ռազմաբազայում գիշերային թռիչքներ են իրականացրել հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆևին:
Նշվում է, որ «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի կազմից բանակային ավիացիայի միավորման հարվածային Մի-24 և տրանսպորտային Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերն անցել են օրվա մութ ժամերին ուսումնական թռիչքների իրականացման: Թռիչքային մարտավարական զորավարժության ժամանակ օդաչուները կկատարեն ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային պաշտպանության և աջակցության խնդիրներ:
Աստաֆևը նշել է նաև, որ զորավարժությունների ընթացքում օդաչուները և բորտտեխնիկները կանցնեն ատեստավորում:
«Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուների թռիչքային մարտավարական զորավարժություններն անց են կացվում ձմեռային ժամանակահատվածի ընթացքում ուսուցման ստուգման շրջանակներում:
Զորավարժություններին մասնակցում է թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող և մոտ 50 միավոր հատուկ ռազմական և ավիացիոն տեխնիկա:










