Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք կփորձենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում. իսրայելցի նախարար

15:29 • 21.04.17

Եթե Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում: Այդ մասին Интерфакс-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը՝ Մոսկվա այցի արդյունքներով:


«Մենք գործադրել ենք և շարունակում ենք գործադրել ջանքեր, որպեսզի օգնենք Լապշինին, ով միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Իսրայելի քաղաքացի է: Եթե նա դատապարտվի Ադրբեջանում, մենք կփորձենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,- ասել է Շաքեդը:


Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:


Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։