Լուկաշենկոն կոչ է արել մշակել հայեցակարգ, որը «կստիպի յուրաքանչյուրին աշխատել»

13:40 • 21.04.17

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրին հարկավոր է նոր հայեցակարգ, որը կստիպի յուրաքանչյուրին աշխատել, դրա համար կա «խորհրդային ժամանակների փորձը», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ նորմալ չի համարում իրավիճակը, երբ միլիոնավոր մարդիկ աշխատում են, իսկ 300-350 հազար մարդ «թրև է գալիս անհասկանալի է որտեղ, ոչ մի բեռ չի կրում»:


2015 թվականի ապրիլին Լուկաշենկոն ստորագրել է «ձրիակերների մասին» հրամանագիրը, որի համաձայն ավելի քան կես տարի չաշխատող և հարկեր չվճարող աշխատունակ քաղաքացիները պետք է ամեն տարի վճարեն ավելի քան 200 դոլարի չափով գումար:


«Հարկավոր է նոր հայեցակարգ՝ ստիպել յուրաքանչյուրին աշխատել: Դա այն մարդիկ են, որոնց պետք է ստիպել աշխատել, և մենք ունենք այդ փորձը՝ խորհրդային ժամանակների փորձը»,- հայտարարել է Լուկաշենկոն խորհրդարանի առաջ ելույթի ժամանակ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հրամանագրի ընդունումից հետո Բելառուսում հրամանագրի դեմ դժգոհողների երթեր են տեղի ունեցել: Իրավապաշտպանները նշել են, որ Մինսկում և այլ քաղաքներում ձերբակալվել են տասնյակ անձինք: