Փարիզում փոխհրաձգության գործով կասկածյալներից մեկը ներկայացել է բելգիական Անտվերպեն քաղաքի ոստիկանություն
Ելիսեյան դաշտերում փոխհրաձգությանը ներգրավվածության համար կասկածվող անձը, ում գոյության մասին բելգիական իշխանությունները տեղեկացրել են ֆրանսիական կողմին, անձամբ ներկայացել է բելգիական Անտվերպեն քաղաքի ոստիկանական բաժին: Այդ մասին ուրբաթ հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Պյեր-Անրի Բրանդեն, գրում է ТАСС-ը:
«Մարդը, որի որոնման մասին հայտարարությունը տարածել են բելգիական իշխանությունները, անձամբ ներկայացել է Անտվերպեն քաղաքի ոստիկանական բաժին»,- ասել է նա:
Ավելի վաղ ֆրանսիական ՆԳՆ-ի կողմից փոխանցվել է տեղեկություն այն մասին, որ Բելգիայի ոստիկանների կարծիքով՝ տղամարդը, ով հինգշաբթի Փարիզի կենտրոնում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, կարող էր սերտ կապեր ունենալ բելգիական ահաբեկչական խմբի հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահություն է հայտնել առ այն, որ նախագահական ընտրություններից 3 օր առաջ Փարիզում ոստիկանների դեմ իրականացված հարձակումն առնչություն ունի ահաբեկչությանը: Այնուհանդերձ՝ Օլանդը կոչ է արել սպասել հետաքննության վերջնական արդյունքին: Կրակահերթի հետևանքով զոհվել է 1 իրավապահ, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:










