Պետերբուրգում ահաբեկչության իրականացնողին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

18:26 • 21.04.17

Ապրիլի 3-ին Պետերբուրգում ահաբեկչություն կազմակերպած անձը, ով պայթեցրել է իրեն մետրոյի կայարաններից մեկում, զրկվել է ՌԴ քաղաքացիությունից: Քաղաքացիությունից զրկվել է նաև նրա հայրը, ով փաստաթղթերի ներկայացման ժամանակ կեղծ տվյալներ է հայտնել: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:


Սխալ տվյալներ տրամադրելու համար ահաբեկչի հորը քաղաքացիություն տրամադրելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու որոշումը կայացրել է Պետերբուրգի Սմոլնինսկի շրջանի դատարանը: Այդ որոշման հետևանքով էլ չեղյալ է հայտարարվել նրա որդուն՝ Ա. Ջալիլովին քաղաքացիություն տրամադրելու որոշումը:


Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։