Ռաքքայի ազատագրման հարցում սիրիական բանակը պատրաստ է համագործակցել կոալիցիայի հետ. Ասադ
Սիրիական բանակը Ռաքքայի ազատագրման հարցում պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք մտադիր են պայքարել ահաբեկչության դեմ, այդ թվում՝ արևմտյան կոալիցիայի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
«Մենք միշտ հայտարարում ենք, որ պատրաստ ենք համագործակցության ցանկացած երկրի հետ, որն անկեղծորեն պատրաստ է կամ ցանկություն ունի պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Ռաքքայի ազատագրման գործողության ժամանակ համագործակցություն արևմտյան կոալիցիայի հետ:
«Մենք անգամ չենք դրել պայմաններ, թե ինչ երկրներ։ Ցանկացած երկիր, այդ թվում՝ արևմտյան՝ հաշվի առնելով այն, որ, ինչպես մենք արդեն գիտենք, Արևմուտքն աջակցում է ահաբեկիչներին, և նա ցանկություն չունի պայքարել նրանց դեմ: Բայց մենք ասել ենք՝ ով էլ պատրաստ լինի, մենք պատրաստ ենք»,- հավելել է նա:










