Խնդիրները լուծվել են, բայց չեն ավարտվել. Տարոն Մարգարյանը հանդիպեց էրեբունու բնակիչների հետ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր փորձառու թիմով կարողացել է լուծել երևանցիների բարձրացրած խնդիրները, սակայն այդ խնդիրները չեն ավարտվել:
Այս մասին այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկին Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այն խնդիրները, որոնք մեր քաղաքացիների համար այս ժամանակում բարձրացվել են, մենք կարող ենք ասել, որ մեր թիմը կարողացել է լուծել, բայց դրանով մեր խնդիրները չեն ավարտվել: Երևանն ունի բազում խնդիրներ, մենք հստակ գիտենք այդ խնդիրները, լսել ենք ձեզանից, լսելով ձեզ՝ բազում խնդիրներ ենք ի հայտ բերել, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մեր փորձառու թիմով կարող ենք այդ լուծումները տալ»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Գործող քաղաքապետն ասաց, որ իրենց թիմը ներկայացնում է «Հանուն Երևանի» ծրագիրը, որը միասին սկսել են և միասին ավարտին են հասցնելու. «Մենք շարունակելու ենք ավելի զարգացնել Երևան քաղաքը, այն հարմարավետությունը, որը բոլորս ենք ցանկանում, փորձելու ենք միասին իրականացնել»:
Տարոն Մարգարյանն ասաց, որ գնացել են խնդրելու էրեբունցիների վստահության քվեն, որպեսզի կարողանան շարունակել այն աշխատանքները, որոնց սկիզբը միասին դրել են.«Բոլորս միասին, հանուն Երևանի, ունենաք կանաչ տարածքներ, ունենանք բարեկարգ բակեր, բարեկեցիկ կյանք, հանուն Երևանի՝ գործենք միասին»:










