«Ազգ-բանակի» ծրագրերը չեն տանելու հասարակության զինվորականացման, այլ ծառայությունը դարձնելու են ավելի գրավիչ. Թևան Պողոսյան (տեսանյութ)

21:47 • 21.04.17

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում ներկայացված «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին, կարևոր համարեց, որ այն դրվելու է լայն հանրային քննարկման և նախկին սխալները չեն կրկնվի:

«Ցանկացած ծրագրում կարող են լինել դրական մոտեցումներ, բացթողումներ, բայց ես ուրախ եմ, որ գալիս է նորարարական մոտեցումների միտքը»,-ասաց նա և նշեց, որ «Ես եմ» ծրագիրը իր մեջ շատ դրական միտումներ ունի:

«Վերջնական ծրագիրը քննարկումներից հետո կարող է շատ փոխվել: Եկեք քննարկենք, վստահ եմ, որ հազարավոր լավ մտքեր կհնչեն քննարկման ժամանակ, և այս ծրագրերը դրանցով կհարստանան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այս ծրագրերը չեն տանում դեպի հասարակության «զինվորականացման»` Թևան Պողոսյանն ասաց. «Մենք պատերազմի մեջ ենք, մենք պետք է ապրենք մի հասարակությունում, որն ունի այդ հոգեբանությանը: Այս ծրագրերը չեն տանելու հասարակությանը զինվորականացմանը, այլ զինվորական ծառայությունը դարձնելու են ավելի գրավիչ, որ մարդիկ ոչ թե խուսափելու են, այլ գտնելու են հարմարավետություն»,-ասաց նա: