Դա գոյատևման հուզիչ պատմություն է. Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը ներկայացրել են «Խոստումը» ֆիլմը CBN News-ի եթերում

20:09 • 22.04.17

«Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հարցազրույց են տվել CBN News-ի եթերում` ներկայացնելով իրենց կերպարներն ու ֆիլմի հիմքում ընկած պատմությունը:

Միջազգային քրիստոնեական հեռարձակող ցանցի ծրագրի հաղորդավարը հարցազրույցի սկզբում ընդգծել է, որ «ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերը կհիշեն Ցեղասպանության զոհ գնացած հարազատներին, որոնցից շատերը քրիստոնյաներ էին»:

Բնութագրելով ֆիլմի սցենարը` Այզեքն ասել է. «Դա գոյատևման հուզիչ պատմություն է: Այն փորձում է ցույց տալ ամենաողբերգական պատմական իրադարձության` 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ կերտված մարդկային պատմությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է բնաջնջվել»:

«Բայց ի վերջո, այն նաև հուսադրող է: Ֆիլմում յուրաքանչյուրը մեծ ուժի դրսևորումն է: Յուրաքանչյուրը ցուցադրում է մեծ ուժ ամենադժվարին իրավիճակում», - հավելել է Քրիստիան Բեյլը:

Հիշեցնենք, որ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլի 21-ին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում: