ԻՊ-ը Սիրիայում իր «մայրաքաղաքը» Ռաքքայից տեղափոխել է Դեր Զոր. Fox News

13:57 • 22.04.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեղափոխել է իր, այսպես կոչված, մայրաքաղաքը սիրիական Ռաքքայից դեպի Դեր Զոր, այս մասին հայտնում է Fox News-ը` հղում անելով ԱՄՆ Պենտագոնի աղբյուրներին:

Հայտնի է, որ ԻՊ-ի առաջնորդների այս քայլը կապված է Ռաքքայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից հաճախակիացած ավիահարվածների հետ:

Ամերիկացի զինվորականների հավաստմամբ` նրանք հատուկ անօդաչու սարքերի միջոցով հետևել են, թե ինչպես են վերջին երկու ամսվա ընթացքում Ռաքքան լքում բազմաթիվ ԻՊ-ականներ:

Ահաբեկիչները հիմնականում ուղևորվել են Մեյադդին քաղաք, որը գտնվում է Եփրատ գետի ափին` սիրիական Դեր Զորից քիչ հարավ:

Նշվում է, որ միջազգային կոալիցիոն ուժերը պատրաստվում են առաջիկայում առավել ինտենսիվ գրոհ ձեռնարկել Ռաքքայի վրա, և քաղաքի համար մղվելիք թեժ մարտերն անխուսափելի են, սակայն ԻՊ-ի պարագլուխներին Ռաքքայում գտնել այլևս չի հաջողվի:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքն ԻՊ ահաբեկիչների կողմից գրավվել է 2014թ.-ին: