Աննման են լինելու այս ընտրությունները․ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումը Ավանում (տեսանյութ)
«Երևան ջան․ ավանցիներ ջան, ելք կա»․ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր Ավան վարչական շրջանում նման կոչերով իր քարոզարշավն իրականացրեց «Ելք» դաշինքը։
Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, անցնելով բակերով, դիմեց քաղաքացիներին մայիսի 4-ին ընտրել «Ելք» դաշինքին: Նա նաև շնորհակալություն հայտնեց ինչպես այն քաղաքացիներին, ովքեր խորհրդարանական ընտրություններին վստահել և իրենց քվեն տվել են «Ելք» դաշինքին, այնպես էլ այն բոլոր ընտրողներին, որոնք քվեարկել են իրենց խղճի, քաղաքական գիտակցության և քաղաքացիական դիրքորոշման բերումով:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ծրագրային կարևորագույն դրույթներից է՝ իր քաղաքապետ ընտրվելու պարագայում հինգ տարիների առնվազն մեկ մետրոյի կայարան բացելը, ինչպես նաև՝ քաղաքի հանրային տրանսպորտային վիճակը բարելավելը՝ մեծացնելով ավտոբուսների ծավալը: Ըստ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուի՝ նրանք նաև նախատեսում են կանաչապատ տարածքների ավելացում, միջազգային ստանդարտներով կանաչապատման իրականացում և այլն:
Tert.am-ի հարցին, թե որն է իրենց քաղաքական ուժի ծրագրերի իրականացման երաշխիքը, բոլորն էլ խոստումներ տալիս են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Մեր թիմի պահանջկոտությունն է իր պաշտոնյաների նկատմամբ: Եվ ամենակարևոր երաշխիքն այն է, որ մենք իշխանության գալու միայն մեկ մեթոդ ու տարբերակ ունենք՝ ժողովրդի քվեն ստանալն է: Մեր քաղաքական թիմում չկան օլիգարխներ և չեն էլ լինելու: Մեր միակ հարստությունը վստահությունն է»,- ասաց նա:
Մյուս հարցին, թե ինչպես է պատկերացնում մրցակցությունը, նա պատասխանեց․ «Աննման են լինելու այս ընտրությունները, որովհետև մենք հույս ունենք, որ երևանցիները կօգտվեն փոփոխությունների այս հնարավորությունից»,- ասաց նա:










