ԵՄ-ում դատապարտել են Ռուսաստանում «Եհովայի վկաներ»-ի գործունեությունն արգելող որոշումը

12:54 • 22.04.17

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն արգելել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպության գործունեությունը՝ այն ճանաչելով ծայրահեղական: Բացի այդ, դատարանը կալանք է սահմանել կազմակերպության գույքի նկատմամբ:

Ինչպես նշում է rbc.ru-ն, որոշմանն արձագանքել են Եվրոպական միությունում՝ նշելով, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդները պետք է ազատ հավաքների իրավունք ունենան Ռուսաստանում:

Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականության հիման վրա Գերագույն դատարանի կայացրած վճիռը կարող է հանգեցնել կրոնական խմբի անդամների նկատմամբ քրեական հետապնդումների:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մարտի 17-ին Արդարադատության նախարարությունը Գերագույն դատարան հայց էր ուղարկել՝ պահանջելով կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական և արգելել դրա գործունեությունը երկրում:

Նշվում է, որ կրոնական կազմակերպությունը դեռևս կարող է բողոքարկել վճիռը:

«Եհովայի վկաներ»-ի հետևորդները նշել են, որ վճռի կայացմանը օրը՝ ապրիլի 20-ը, կարող է որպես «սև օր» հիշվել Ռուսաստանում մարդու հիմնարար ազատությունների համատեքստում: