Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին. Կանադայի վարչապետ

13:08 • 22.04.17

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: 

«Այս օրը մենք հանդիսավորապես հավաքվում ենք հիշատակելու մեկ դար առաջ տեղի ունեցած հայ բնակչության կյանքերի ողբերգական կորուստը: 2015թ-ին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:

Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության արդյունքում: Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում:

Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունը, միասնական են հանդիսավոր հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահանալով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ:

Հիշատակելով Հայոց ցեղասպանության օրը՝ խնդրում միանալ ինձ խաղաղության ու փոխադարձ հարգանքով բնորոշվող ապագայի հանդեպ իմ հույսի մեջ»,- ասվում է հայտարարությունում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախաշեմին դիմել էր Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պաշտոնապես ճանաչելու կոչով:

Դեմոկրատ կոնգրեսականը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ է, իր պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում նշել է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ հապաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Այնքան հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ երկրի նախագահն ինչպես հարկն է չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին գործողությունն է ու դեպի հաջորդ ցեղասպանություն տանող առաջին քայլը: Մեր պարտքն է հարգել այդ սարսափելի դեպքին զոհ գնացածների հիշատակն ու պատվել նրանց ապրող հետնորդներին՝ երաշխավորելով, որ ապագայում նման բան չի կրկնվի»,-նշել է պաշտոնյան: