Վենեսուելայում ցույցերը շարունակվում են. զոհերի ու ձերբակալվածների թիվն ավելացել է (լուսանկարներ)
Վենեսուելայի գլխավոր դատախազությունը հայտնել է լույս ուրբաթ Կարակասում անկարգությունների և կողոպուտների հետևանքով զոհերի թվի ավելացման մասին. զոհերի թիվը հասել է 12-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին։ Իսկ բողոքի ակցիաների մեկնարկից՝ ապրիլի 4-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը 20-ից ավելի է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 1.300-ի։ Այդ մասին Twitter-ում հայտնել է «Վենեսուելական քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն։
«Ապրիլի 4-ից մինչ այսօր ցույցերին մասնակցության համար ձերբակալվել է 1.289 մարդ»,- գրել է Ռոմերոն։
Լույս ուրբաթ ցույցերից հետո Պարոկիա դել Վալյե թաղամասում գտնվող առևտրային հատատություններում թալան է սկսվել, որտեղ էլ մահվան դեպքեր են գրանցվել։
Վենեսուելայի ընդդիմությունը համազգային բողոքի ցույցեր է անցկացնում՝ շարունակելով ճնշում գործադրել նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա։ Նրանք պահանջում են ընտրություններ անցկացնել և կործանվող տնտեսությունը վերականգնել։ Ընդդիմությունը խոստացել է շարունակել ճնշումը։










































