Վայոց Ձորում հուղարկավորել են պայմանագրային զինծառայողին

16:04 • 23.04.17

Վայոց Ձորի Արփի համայնքում այսօր հուղարկավորել են ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արփիի նախկին համայնքապետ Գրիգոր Գրիգորյանը. «Այսօր հայրենի գյուղում հուղարկավորեցին Նարեկ Հակոբյանին: Հուղարկավորությանը ներկա էին ԶՈՒ ներկայացուցիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ»:

Գրիգոր Գրիգորյանը հայտնեց, որ ընտանիքում երկու աշխատող է եղել՝ Նարեկ Հակոբյանն ու նրա ավագ եղբայրը, ով Ռուսաստան է մեկնում արտագնա աշխատանքի:

«Ավագ եղբայրն ամուսնացած չէ, իսկ Նարեկ Հակոբյանը, ինչպես հայտնի էր, ամուսնացած էր և մեկ դուստր ունի, ով երկու օր առաջ եղավ մեկ տարեկան»:

Նշենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։ Կրտսեր սերժանտը ձերբակալվել է: