ՌԴ առողջապահության նախարարությունն առաջարկել է սահմանափակել ֆաստֆուդի, քաղցրավենիքի և գազային ըմպելիքների գովազդը

11:40 • 23.04.17

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է սահմանափակել ֆաստ-ֆուդի, քաղցրավենիքի և գազային ըմպելիքների գովազդի բոլոր տեսակները: Այդ մասին ասված է մինչև 2025 թվականը նախատեսված բնակչության առողջ կենսակերպի ձևավորման հայեցակարգում. հայտնում է life.ru-ն:


Հայեցակարգի տեքստում նշվում է, որ հարկավոր է օրենսդրական սահմանափակում կիրառել նախևառաջ երեխաներին ուղղված և երեխաների մասնակցությամբ հագեցած ճարպերի, շաքարի կամ աղի և այլ վնասակար նյութերի բարձր պարունակությամբ սննդամթերքի գովազդը:


Մինչև 2025 թվականը բնակչության առողջ կենսակերպի ձևավորման հայեցակարգը ներկայացվել է հունվարին:


Նախնական տարբերակում առողջապահության նախարարությունն առաջարկել էր սահմանափակել վնասակար սննդի գովազդը միայն հեռուստատեսությամբ: