Այս երկիրը կառուցված է ցեղասպանության վրա՝ արյան վրա, և դա Թուրքիայում ապրողներից յուրաքանչյուրի պատմությունն է․ Բագրատ Էստուկյան
80 միլիոնանոց բնակչության ունեցող Թուրքիայում միայն 100 000-ն են հայերը, և չնայած այստեղ տարիների ընթացքում Ցեղասպանության մասին իմացողների թիվն ավելանում է, սակայն չիմացողները դեռ մեծամասնություն են կազմում: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ընկալումների մասին, ասաց «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Թուրքիայի հասարակության ջախջախիչ մեծամասնությունը հետևում է 100 տարուց ավելի Թուրքիայի ուրացած քաղաքականությանը»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ վերջին տարիներին Թուրքիայում ցեղասպանության մասին ուսումնասիրությունների աննախադեպ արշավ կա․ այս ընթացքում բազմաթիվ գրքեր են հրատարակվել:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ այդ հրատարակություններն իրենց ընթերցողն ունեն, հետևաբար և Թուրքիայում գոյացել է մի զանգված, որին հետաքրքրում է Հայոց ցեղասպանության թեման և արձագանքում է դրա հետ կապված միջոցառումներին:
«Այս օրերին միջոցառումներ են կազմակերպվում Թուրքիայում: Այսօր էլ երեկոյան միջոցառում է նախատեսվում: Այնտեղ մի քանի հազար մարդ պետք է հավաքվի, որոնց մեջ հայերը մի քանի հարյուր են: Մնացածը թուրքեր են, քրդեր, չերքեզներ, ալևիներ և այլն, հայերը նրանց մեջ փոքրամասնություն են կազմում»,- ասաց նա:
Թուրքիայի իշխանությունները, ըստ Ստամբուլում հրապարակվող պարբերականի խմբագրի, այդ միջոցառումների անցկացմանը չեն խոչընդոտում: Տեղեկությունները, թե ոստիկանները խոչընդոտել են Հայոց ցեղասպանությունը հիշատակող միջոցառման անցկացմանը, նա ոչ ճշգրիտ համարեց:
«Ոստիկաններն այդ ակցիաներին հավաքվածներից շատ են լինում: Նրանք և՛ ապահովում են մարդկանց անվտանգությունը, և՛ վերահսկողություն են իրականացնում, որովհետև հնարավոր է՝ այնտեղ ազգայնամոլներ լինեն: Ոստիկանները կանխման միջոցների են դիմում»,- նշեց Բագրատ Էստուկյանը:
Ըստ նրա՝ Թուրքիայում ապրող հայերի գերակշիռ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, քիչ մասն են կազմում Հայաստանից աշխատանքի նպատակով Թուրքիա գնացածները: «Ծպտված հայերը հիմա էլ ծպտված են: Իրենց անցագրի մեջ իսլամ երևացող, բայց հայ ինքնությունը գիտակցության մեջ պահողները այսօր մեզ հետ են, անշուշտ, լինելու»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ նախևառաջ Թուրքիայի հասարակության խնդիրն է ճանաչել սեփական պատմությունը: «Վերջապես, այս երկիրը կառուցված է ցեղասպանության՝ արյան վրա, անթիվ ոսկորների վրա պետություն է կայացած: Եվ դա Թուրքիայում ապրողներից յուրաքանչյուրի պատմությունն է: Անկախ նրանից, թե հայերը, որքանով են պահանջատեր, որքանով՝ ոչ, իրենք խնդիր ունեն իրենց պատմության հետ առերեսվելու»,- ասաց նա:
«Ակոսի» խմբագիրը մատնանշեց, որ, իհարկե, Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ արել են, որ հասարակությունը քիչ հաղորդվի իր իրական պատմությանը, սակայն իրողությունները ծածկելն էլ հնարավոր չէ:
«Այսօր թուրք մարդիկ, քրդերը հրապարակ են դուրս եկել ու արդարություն են պահանջում, և նրանց ձայները, բնականաբար, ավելի հզոր են հնչում»»,- ասաց նա:
Հիմա էլ, ըստ Բագրատ Էստուկյանի, նրանք պահանջում են այն, ինչ կարելիի սահմաններում է, այն ինչ կարելի է ձեռք բերել: «Մենք պետք է ընդմիշտ պահանջատեր լինենք: Չպետք է թողնենք, որ անցյալում թույլ տրված ոճիրը մոռացության հայտնվի: Այստեղ մտայնության փոփոխության խնդիր կա: Օրեցօր աճում է հասարակության մտայնությունը: Մոտ ապագայում Թուրքիայի իշխանության դիրքորոշման մեջ փոփոխություն կլինի՞․․․ չեմ սպասում դրան: Թուրքիան կշարունակի իր մարտավարությունը շարունակել, որովհետև չի կարող դիմագրավել ճանաչումից հետո սպասվող պահանջներին․ այդ պահանջները գոհացնելու համար մտերմություն է պետք երկու ժողովուրդների միջև, բարեկամեցողություն է պետք, պատմությունը ճանաչել է պետք»,- ասաց նա:










